суббота, 28 февраля 2015 г.

                           Խաչակրաց արշավանքներ.

 
 
1095թ. Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս 2-րդ պապը հավատացյալներին կոչ արեց ազատագրելու Երուսաղեմը և անհավատներից փրկելու Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Պապի ոգեշնչումը խոր տպավորություն թողեց: Բոլորը բացականչեցին . <<Այսպես է ուզում Աստված>>: Նրանք անմիջապես սկսեցին խաչեր կտրել և կարել հագուստներին: Այստեղից էլ առաջացել է արշավանքների մասնակիցների անվանումը` խաչակիրներ:
    Արշավանքների նպատակը Պաղեստինում գտնվող քրիստոնեական սրբավայրերի ազատագրումն էր մուսուլմաններից: Ահա թե ինչու խաչակրաց արշավանքները ստացան կրոնական պատերազմների բնույթ: Իրականում դրանց կազմակերպիչներին գրավում էին Արևելքի երկրների հարստությունները, իսկ պապը ցանկանում էր կաթոլիկություն տարածել Արևելքում:
   
  Առաջին Խաչակրաց արշավանքը
  Այն սկսվեց 1096 թվականին: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները: Երբ նրանք հասան Կ. Պոլիս, 50 հազարից կենդանի էր մնացել մնացել ընդհամենը 20 հազար մարդ: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Սուրբ երկիր: Սակայն Նիկիա քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական ջոկատներին: Փրկվեց միայն 3 հազար մարդ:
1096թ. դեկտեմբերին Կ. Պոլիս հասան ասպետական ջոկատները: Նրանք շուտով բյուզանդացիների հետ սելջուկներից գրավեցին Նիկիան: Այնուհետև սկսվեց երկարատև ռազմերթը դեպի Ասորիք և Պաղեստին: Կիլիկիայով անցնելիս նրանց մեծ օգնություն ցույց տվեցին տեղի հայերը: Խաչակիրների առաջնորդներից մեկը ` Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց այնտեղի կառավարիչ հայազգի Թորոս Կյուրապաղատին: Այսպես Բալդուինը ստեղծեց առաջին խաչակրաց պետությունը` Եդեսիայի կոմսությունը:
    1098թ. խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, որտեղ ստեղծվեց Անտիոքի դքսությունը:
    1099թ. նրանք գրավեցին Երուսաղեմը:
    Խաչակիրները գրաված տարածքներում ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը: Առաջին թագավոր ընտրվեց Գոթֆրիդ Բուլյոնցին: Երուսաղեմի թագավորության մեջ մտնում էին Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:
    Թագավորության տարածքը բաժանվեց բարոնությունների: Սրանք էլ իրենց հերթին բաժանվում էին ասպետական ավատների: Ավատ ստացած ասպետները պարտավոր էին ռազմական ծառայություն կատարել : Եթե Եվրոպայում ասպետները տարեկան 40 օր էին զինվորական ծառայություն կատարում, ապա այստեղ` ամբողջ տարին, քանի որ խաչակիրները մշտական պատերազմների մեջ էին:
    Երուսաղեմի թագավորությանը հարավից սպառնում էր Եգիպտոսի սուլթալությունը, իսկ արևելքից` սելջուկները: Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին հոգևոր-ասպետական միաբանություններ: Նրա անդամները միաժամանակ վանականներ էին և ասպետներ: Նրանք երդվում էին չամուսնանալ, լինել չքավոր և զբաղվել կաթոլիկություն տարածելով, ինչպես նաև մարտնչել անհավատների դեմ:
    Առաջին միաբանությունը կոչվում էր Հիվանդախնամների միաբանություն: Ամենաազդեցիկը Տաճարականների միաբանությունն էր: 12-րդ դ. Գերմանացիները հիմնեցին Տևտոնական միաբանությունը: Միաբանությունները զգալի դեր խաղացին Սուրբ երկրի պաշտպանության գործում:

Երկրորդ Խաչակրաց արշավանքը.
   Խաչակրաց երկրորդ արշավանքը գլխավորեցին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 7-րդը և Գերմանիայի թագավոր Կոնրադ 3-րդը: Այն տևեց 1147-1148թթ., սակայն Դամասկոսը գրավելու նրանց ծրագիրը անհաջողության մատնվեց:

   Խաչակրաց արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար: Շուտով նրանք ուշքի եկան և 1144թ. գրավեցին Եդեսիան: Խաչակիրների դրությունը հատկապես ծանրացավ, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Սալահ ադ Դինը(Սալադին):
Սալադինի պապը ծնվել էր Հայաստանում: Հետագայում ընտանիքով տեղափոխվում է Իրաք: դառնալով Եգիպտոսի կառավարիչ` Սալադինը կարճ ժամանակամիջոցում գրավում է Ասորիքը և Միջագետքի մի մասը: Նա որոշում է Խաչակիրներից հետ գրավել Երուսաղեմը, քանի որ մուսուլմանները ևս այն համարում էին իրենց սուրբ քաղաք:
   1187թ. Սալադինը պաշարեց Տիբերիա քաղաքը, այնուհետև պարտության մատնեց Երուսաղեմի թագավորությանը: Թագավորը և տաճարականների մեծ մագիստրոսը գերի ընկան: Նույն թվականին Սալադինը գրավեց Երուսաղեմը: Նրա կառավարման ժամանակաշրջանում Եգիպտոսը վերածվեց հզոր պետության: Այն սկսեց պայքարել խաչակիրների տիրապետության տակ մնացած տարածքները հետ գրավելու համար: Հետագայում Սալադինը արշավանք կազմակերպեց դեպի Կիլիկյան Հայաստան: Կիլիկիա մեկնելու ճանապարհին, նա մահացավ:

   Խաչակրաց երրորդ արշավանքը.
   Երուսաղեմի անկման լուրը ցնցեց քրիստոնյա Եվրոպան: Եվրոպացիները նախապատրաստեցին նոր արշավանք: Պապի նախաձեռնությամբ այն գլխավորեցին գերմանացի կայսր Ֆրիդրիխ 1-ին Բարբարոսան, անգլիացի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը և ֆրանսիացի թագավոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսը:
Ահա այսպես 1198թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Հենց սկզբից այն անհաջող սկսվեց: 1190թ. Կիլիկիայի գետերից մեկում Ֆրիդրիխը խեղդվեց: Գերմանական խաչակիրները վերադարձան իրենց հայրենիք:
    Ժամանելով Սուրբ երկիր` Ֆիլիպը պաշարեց Ակրա քաղաքը: Շուտով նրան միացավ Ռիչարդը: Խաչակիրները գրավեցին Ակրան, որը դարձավ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: Շուտով պատրվակ բռնելով վատառողջությունը, վախկոտ արքա Ֆիլիպը վերադարձավ Ֆրանսիա: Մնալով միայնակ` Ռիչարդը ստիպված եղավ Սալադինի հետ 1192թ. հաշտության պայմանագիր կնքել: Նույն որոշմանը հանգեց նաև ինքը Սալադինը, քանի որ Ռիչարդը եգիպտացիներին խայտառակ պարտության մատնեց Ակրա քաղաքի մոտ: Եվրոպացի ուխտավորները հնարավորություն ստացան ազատորեն այցելել սուրբ վայրեր:
Ռիչարդը օժտված էր ռազմական տաղանդով և առասպելական քաջությամբ: Սակայն բնավորությամբ անհավասարակշիռ էր: Պատահական չէ, որ ժամանակակիցները նրան անվանում են <<մեծ մանուկ>>: Ճանապարհին նա Բյուզանդիայից խլեց Կիպրոս կղզին: Այստեղ ևս հիմնվեց Խաչակրաց պետություն` Կիպրոսի թագավորություն: Այն դարձավ խաչակիրների ամենաերկար գոյատևած  պետությունը Արևելքում: Հետագայում այն գրավեցին թուրք օսմանները:
   Ռիչարդը այլևս Արևելք չարշավեց, սակայն նրա հիշատակը և տարածած սարսափը այստեղ երկար պահպանվեց երկար ժամանակ: Արաբ մայրերը լաց լինող երեխային հանգստացնելու համար ասում էին. <<Լաց մի՛ լինիր, լռի՛ր, թե չէ Մալիք Ռիդը (Ռիչարդ թագավոր) կգա և քեզ կպատժի>>:

   Խաչակրաց չորրորդ արշավանքը.
   Երեք արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումն անկում ապրեց: Շարժման հեղինակությանը մեծ հարված հասցրեց 1204թ. խաչակրաց չորրորդ շարժումը: Դրա մասնակիցները վորոշել էին գնալ Սուրբ երկիր Վենետիկյան նավերով: Բայց Վենետիկը որոշեց խաչակիրներին տանել ոչ թե Մերձավոր Արևելք, այլ իր դարավոր թշնամու` Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս: Խաչակիրները գրավեցին և երեք օր շարունակ կողոպտեցին քաղաքը: Այս նենգ քայլով Վենետիկը հաղթեց իր տնտեսական մրցակցին:

   Խաչակրաց հինգերորդ արշավանքը.
   Հունգարական և Ավստրիական խաչակիրները, որոնք խաչակրաց հինգերորդ արշավանքի մասնակիցներն էին, քաջաբար կռվեցին Սիրիայում և Պաղեստինում, բայց վերջնական արդյունքում ստիպված եղան լքել Մերձավոր Արևելքը:
  
   Խաչակրաց վեցերորդ արշավանքը.
   Խաչակրաց վեցերորդ արշավանքը կազմակերպեց եկեղեցուց հեռացված, Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենը 1228թ.: Ռազմական գործողությունների փոխարեն նա Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր կնքեց: Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին, բայց 1244թ. մուսուլմանները վերջնականապես տիրացան Երուսաղեմին:

  Խաչակրաց մնացյալ արշավանքները.
   Խաչակրաց յոթերորդ և ութերորդ արշավանքները կազմակերպեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 9-րդ Սուրբը: 7-րդ արշավանքի ժամանակ նա գերվեց Եգիպտոսի սուլթանի կողմից և մեծ փրկագնի դիմաց ազատ արձակվեց: Անհաջողությունը չհուսահատեց նրա հոգին և արքան կազմակերպեց 8-րդ արշավանքը, բայց նա մահացավ ժանտախտից Թունիսում, արշավանքի ժամանակ: Նա աչքի էր ընկնում կրոնասիրությամբ, որի համար էլ ստացավ <<Սուրբ>> անունը:
   1291թ. մուսուլմանները գրավեցին խաչկիրների վերջին հենակետ Ակրան: Խաչակիրների ստեղծած տերությունը վերացավ:
   Խաչակրաց արշավանքները չհասան իրենց անմիջական նպատակներին: Նրանք դարձան տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ և Արևելքում, և Արևմուտքում: Արշավանքների ընթացքում ավերվեցին և կործանվեցին բազմաթիվ արժեքներ: Ամենից շատ տուժեց Կոստանդնուպոլիսը:

  Սակայն Խաչակրաց արշավանքներն ունեցան նաև դրական հետևանքներ: Եվրոպացիները մոտիկից ծանոթացան արևելյան մշակույթին: Նրանք մշակութային շատ արժեքներ տեղափոխեցին Եվրոպա: Եվրոպացիները Արևելքում սովորեցին ավելի լավ նավեր պատրաստել, ճշգրիտ քարտեզներ գծել, օգտագործել մագնիսական կողմնացույցեր, կառուցել ամրոցներ: Արշավանքների հետևանքով Արևմուտք-Արևելք փոխհարաբերությունները սերտացան և հետագայում զարգացան:

Комментариев нет:

Отправить комментарий