Ում է համար է գրվել Բակունցի «Ալպիական մանուշակը»
«Ալպիական մանուշակ» պատմվածքը Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին նվիրելուց առաջ
Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ
համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքը:
Եվ այդ կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան:
Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսել է Հանրային գրադարանում, որն այն օրերին գտնվում էր քաղաքի Կուլտուրայի տանը: Դա 1926 թվականին էր: Մեկ տարի էր, ինչ աղջիկը Թբիլիսիից տեղափոխվել էր Երևան և ընդունվել համալսարանի պատմագրության ֆակուլտետը: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության` պարուրված անթաքույց համակրանքով: Սակայն աղջիկը 1927 թվականին մեկնում է Լենինգրադ` ուսումը շարունակելու տեղի համալսարանի ազգագրության բաժնում: Միակ մխիթարությունը դառնում են նրանց ջերմ նամակները, որոնք լցնում էին դատարկությունը ու մեղմում բուռն կարոտը:
Լենինգրադից
Ժենյան վերադարձավ միայն 1931 թվականին ու աշխատանքի ընդունվեց պատմության թանգարանում:
Ասում են, թե նրա համար առանձնակի ուրախության առիթ էին դառնում այն օրերը, երբ ազգագրական
արշավախմբերի հետ գործուղվում էր Զանգեզուր: Բակունցը միշտ պատրվակ գտնում էր ընկերակցելու
նրան: Այդ օրերից հուշ է մնացել մի լուսանկար, որտեղ Բակունցի ցանկությամբ Ժենյան նկարվել
է զանգեզուրցի կնոջ տարազով:
«Ալպիական
մանուշակը» պատմվածքը Բակունցն
ընթերցել է Ժենյայի համար դեռևս ձեռագիր վիճակում: Ստեղծագործությունը աղջկան շատ է
դուր եկել: Իսկ պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: «…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի
պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի
ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը,
մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում,
ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի
բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։ 1926 թվականի
ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումում և հիշատակված պատկերը այն օրերի
հուշն է…
Հետագա տարիներին
Ժենյան, ով արդեն թանգարանի ավագ գիտաշխատող էր ու հայտնի ազգագրագետ, անընդհատ գործուղումների
էր մեկնում և նրանք ուշ-ուշ էին հանդիպում: 1937 թվականին Ակսել Բակունցի ողբերգական
մահը խորապես ցնցեց կնոջը: Սակայն նա դեռ չգիտեր, թե ինչ ճակատագիր էր նախատեսված իր
համար:
Ժենյա Գյուզալյանին ձերբակալեցին 1939 թ. սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրանք ներկայացվեց
հակապետական, հակահեղափոխական գործունեության համար: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:
Ասում են, որ նա մահացել է բանտում, 1941 թվականի աշնանը: Բակունցի «ալպիական» սերը
ընդամենը 38 տարեկան էր…
Комментариев нет:
Отправить комментарий